U E I C T

Ավարտվեց Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթը

Երրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է Տեխնովացիա ծրագրին: Այն Հայաստանում իրականացնում են Կրթության ազգային ինստիտուտն ու Կանայք և տեղեկատվական հասարակություն հկ –ն գործընկեր և աջակից կազմակերպությունների հետ միասին: Եվ այս երեք տարիների ընթացքում ՏՀՏ Գործատուների Միությունը մրցույթի կազմակերպիչների կողքին է:

Այս տարի ավելի քան 500 10-18 տարեկան աշակերտուհիներ և մենթորներ/ուսուցչուհիներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցեցին «Տեխնովացիա Հայաստան» 2019 ծրագրին: Ծրագրի շրջանակներում այս տարի 51 հավելված ստեղծվեց Հայաստանյան թիմերի կողմից:

Հայաստանյան մրցույթին մասնակցեցին  49 թիմ ինը մարզերից; Ժյուրիի 14 անդամներ տեխնոլոգիական, բիզնես ընկերություններից և ուսումնական հաստատություններից գնահատեցին թիմերի աշխատանքները: Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթը  այս տարի  տևեց երեք օր:  Ժյուրին  դեմ-առ-դեմ և առցանց գնահատման արդյունքում հունիսի 2–ին կորոշի Հայաստանյան փուլի 6 հաղթող թիմերին չորս ավագ խմբերից և երկու կրտսեր խմբերից, որոնք կանցնեն երկրորդ փուլ և իրավունք կստանան մասնակցելու  մրցույթի միջազգային առցանց փուլին: Միջազգային փուլը հաղթելու դեպքում հաղթող թիմը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:

«Սերվիս տիտան» ամերիկյան խոշոր ընկերության համահիմնադիր, մեր հայրենակից Վահե Կուզոյանը, ոգևորիչ գեղեցիկ տեսաուղերձ էր հղել մասնակիցներին,  ոգևորելով աղջիկներին ստանալու ժամանակի պահանջներին համահունչ  հմտություններ: Մրցույթի օրերին մասնակիցները սիրով ու հետաքրքրությամբ լսեցին տեսաուղերձը:

Տեխնովացիա Հայաստան մրցույթին աջակցում են և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Սերվիս տիտան ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը:

Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել ու հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների սոցիալական խնդիրները, ծրագրի շրջանակում ձեռքբերած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:

12 շաբաթյա ուսուցման ընթացքում մասնակիցները սովորում են հինգ մոդուլներ` գաղափարների գեներացիա, ծրագրավորում, բիզնես, շուկայի հետազոտում ու գաղափարի ներկայացում:

Արդյունքում թիմերը մենթորների ուղղորդմամբ, բացահայտում ու վեր են հանում որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստում բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: