
«ՏՀՏ առարկաների ներդնումն ավագ դպրոցներում փորձարկվող լավագույն ծրագրերից է: Մենք մտադիր ենք այն շարունակել և քննարկել ծրագիրն ավելի շատ դպրոցներում տարածելու հարցը: Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, դպրոցն էլ հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- ասաց Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին, «Քվանտ» վարժարանում ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍելլ-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ և ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում: Հանդիպման նպատակն էր 10 ավագ դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման արդյունքների ներկայացմումը և ամփոփումը:
Ծրագիրը իրականացվում է 2015 թվականից: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 20 ուսուցիչ, ընդգրկվել է 2750 աշակերտ: Ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենների դիտարկմամբ ՏՀՏ առարկաների ներդրումն ավագ դպրոցների բնագիտական հոսքերում օգտակար է և կարևոր նշանակություն ունի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում: