
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Պոլիտեխնիկ (ՀԱՊՀ):
Հ․ Չոբանյանը շրջել է ՀԱՊՀ-ի 9-րդ մասնաշենքում հիմնված «Խելացի լուծումների կենտրոնի»՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններով, որտեղ մեր Միության անդամները ներկայացրել են ընթացիկ և ապագա ծրագրերը, ծանոթացրել կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։
Նա նշեց․ «Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ մեկ հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ մեկ դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենաք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»։