U E I C T

Հայաստանի զարգացման հիմնադրամը կաջակցի ՏՀՏ ոլորտին

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը հանդիպեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ։ Քննարկվել են ՏՏ ոլորտում ներդրումների աշխուժացման բազմաշերտ ծրագրեր։

ՏՀՏ գործատուների միության և ՏՏ համաշխարհային հսկայի հայաստանյան ներկայացուցչի ղեկավարները նշել են, որ ոլորտի հիմնական խնդիրը կադրերի պակասն է, որը լուծելու համար Հայաստանի որոշ դպրոցներում, որպես պարտադիր առարկա մտցվել է միկրոէլեկտրոնիկա առարկան։ Նրանք կարևորել են նաև ՏՏ ոլորտի իրատեսական պատկեր կազմելու անհրաժեշտությունը։

Հայաստանյան ընկերությունները պատրաստվում են Չինաստանում նոյեմբերին կայանալիք խոշոր միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցելու համար խնդրել են hիմնադրամի աջակցությունը։ Համատեղ ուժերով նաև կկազմվի ՏՏ ոլորտի շնորհանդես՝ միջազգային հարթակներում հայաստանյան ներուժը ներկայացնելու նպատակով։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը հիմնադրամի ղեկավարին ներկայացրել է վիրտուալ ստրատափների ծրագիրը, որի շրջանակում ստեղծվում են իրական պրոդուկտներ։ Ներկայացվել է նաև «Երևանը՝ խելացի քաղաք» հայեցակարգը:Ծրագիրը նպատակ ունի մայրաքաղաքն աշխարհին ներկայացնելու ոչ միայն որպես հին, այլ նաև խելացի քաղաք, որն մարդկանց համար այնտեղ ապրելն ավելի հարմարավետ կդարձնի։

Քննարկվել է Հայաստանում ՏՏ ոլորտի միջազգային ցուցահանդեսի ու համաժողովի կազմակերպման միտքը, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների մասնագետներ կներկայացնեն «խելացի» քաղաքի գաղափարներ, և դրանք նույնպես կարող են օգտագործվել Հայաստանում։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ քննարկվել է նաև Սթենֆորդի համալսարանի՝ բարձր դասի մենեջերների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներին հայաստանյան ՏՏ ոլորտի ղեկավարների մասնակցությանն աջակցելու հարցը։