U E I C T

Հայաստանի ՏՀՏ գործատուների միությունը ջերմորեն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու կապակցությամբ

Մեծարգո պարոն Փաշինյան,

Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու կապակցությամբ:

ՏՀՏ համայնքը, լինելով Հայաստանի տնտեսության ամենաակտիվ և երիտասարդ համայնքը, բարձր է գնահատում Ազգային Ժողովում Ձեր ծրագրային ելույթում հնչեցրած ՏՀՏ դերի կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Կիսում ենք կրթական համակարգի շուտափույթ առողջացման, հավասար բիզնես դաշտի ձևավորման, կառավարություն-բիզնես հատվածի հստակ տարանջատման և համագործակցության ուժեղացման Ձեր տեսլականը և պատրաստ ենք առաջիկա հանդիպումների ժամանակ ներկայացնել Միության ծրագրերը, ոլորտում առկա խնդիրները:

Մեր միասնական նպատակն է գիտության և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված Հայաստանի տնտեսության թռիչքաձև զարգացումը, պաշտպանունակության բարձրացումը, միջազգային ասպարեզում Հայաստանի միջազգային վարկանիշի կտրուկ բարձրացումը: Համոզված ենք, որ հենվելով ակտիվ համաժողովրդական շարժման վրա և համատեղ ջանքերով ի զորու ենք լուծել մեր Հայրենիքի առջև ծառացած խնդիրները և կառուցել մեր երազանքների Հայաստանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ մեր հայրենիքի և հայ ժողովրդի:

Հարգանքով՝

Արմեն Բալդրյան

Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների

Գործատուների Միություն (ՏՀՏ ԳՄ) Նախագահ