
ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացրած աննախադեպ պիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների հետ, որը նախատեսում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության շարունակության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաև ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:
Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաև կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները և կոմպյուտերային ցանցը:
Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը ևս 5 ուսումնական հաստատություններում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 198 ավագ դպրոց, 105 ավագ դպրոց, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ ավագ դպրոց և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեր հիմնական գործընկերներն իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ ոչ միայն նպաստում են ոլորտի զարգացմանը, այլ նաև դառնում են բազային հենք հատկապես կրթության համակարգի որակի բարձրացման համար: Այն որոշակի ոլորտներից է, որն իր հետ բերում է մուլտիպլիկացիայի էֆեկտ և ազդում է մեր կրթության բոլոր օղակների վրա, ըստ էության արդյունքը տեսնում ենք և հանրակրթությունում, և բակալավրական ծրագրերում և մագիստրանտական կրթությունում: Վստահ եմ, որ մեր գործընկերների հետևողական աշխատանքի շնորհիվ այդ ազդեցությունը առաջիկայում կզգանք և գիտության, և բարձրագույն կրթությունից դեպի աշխատաշուկա ճանապարհին: Մեզ համար խիստ կարևոր է այս համագործակցությունը և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«ՏՀՏ գործատուների միության կիզակետում է մասնագիտական կրթությանը ուղղված նախաձեռնությունները։ Այդ պատճառով է, որ մենք շատ ենք կարևորում նմանատիպ ծրագրերը, որոնք օգնում են երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, տալով իրենց հիմնարար գիտելիք լրացուցիչ վերապատրաստում անցած ուսուցիչների կողմից։ Այս նախագիծը մեկնարկել է 2015 թվականից և այս տարի արդեն կիրականացվի Հայաստանի տասը դպրոցներում»․ իր խոսքում նշեց ՏՀՏ գործատուների միության տնօրեն Լիլիթ Գևորգյանը։