U E I C T

Հաջողության պատմություններով մոտիվացնում ենք գործարարներին, որպեսզի խելացի լուծումների կիրառմամբ զարգացնեն իրենց բիզնեսը․ Էդուարդ Մուսայելյան

Խելացի տնտեսություն նշանակում է խելացի լուծումների, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրում տնտեսության տարբեր ճյուղերում եւ տնտեսության արդյունավետ կառավարում։ NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովը կազմակերպած Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

«Համացանցում, եթե որոնենք «խելացի տնտեսություն», տարբեր բացատրությունների կհանդիպենք: Մեր պատկերացմամբ՝ խելացի տնտեսությունը խելացի լուծումների և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումն է տնտեսության տարբեր ճյուղերում եւ բիզնեսի արդյունավետ կառավարումը: Տարբեր ոլորտներում խելացի լուծումներ կիրառելով, զարգացնելով և արտահանելով՝ մենք կարող ենք դառնալ տարածաշրջանի Սիլիկոնյան հովիտը կամ Հայաստանի պարագայում՝ Սիլիկոնյան լեռները», – ասում է նա:

Էդուարդ Մուսայելյանը նշում է, որ նման գագաթաժողովներ անցկացնելը շատ կարևոր է, քանի որ դա հնարավորություն է տալիս խելացի լուծումների միջոցով հաջողության հասած բիզնեսների պատմությունները ներկայացնել մյուսներին և այդպիսով մոտիվացնել նրանց։

«Առհասարակ գագաթաժողովի նպատակը նաեւ փորձի փոխանակումն է, օրինակ բերելը եւ օրինակ ծառայելը: Այս միջոցառումը տարբերվում է նախորդներից, քանի որ, եթե այն ժամանակ մենք խոսում էինք կոնկրետ տեխնոլոգիաների մասին տեխնոլոգիական լեզվով, այսօր մեր լսարանի համար խոսում ենք շատ ավելի պարզ լեզվով»,- ասում է նա՝ հավելելով, որ գագաթնաժողովին մասնակցում են պետական համակարգի և բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև այնպիսի բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ՏՏ-ի հետ բացարձակ կապ չունեն, սակայն գործիքակազմը լայնորեն օգտագործում են իրենց բիզնեսի զարգացման մեջ:

«Մենք հաջողության պատմությամբ մոտիվացնում ենք բիզնեսներին, որպեսզի իրենք էլ կիրառեն թվային գործիքակազմ իրենց բիզնեսը զարգացնելու համար», – ասում է նա։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովն անցկացնում է արդեն չորրորդ անգամ։ Նախորդ միջոցառման ընթացքում, որն անցկացվել է Կենտրոնական բանկի աջակցությամբ, ձևակերպվել է թվային օրակարգի ձևավորման տեսլականը։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ստեղծվել է 2015 թ․ եւ առայսօր միությանն անդամակցում է ավելի քանի 50 կայացած ընկերություն, այդ թվում՝ վերազգային։

«Սա խոսում է այն մասին, որ մենք տարբեր ուղղությունների հետ լավ աշխատում ենք: Միջազգային գործընկերների հետ տարբեր ծրագրեր ենք անում, մասնավորապես՝ ունենք նոր կրթական հարթակ, որը բիզնեսներին սովորեցնում է՝ ի՞նչ է թվայնացումը, ի՞նչից է կազմված և ի՞նչ գործիքներ օգտագործել թվայնացման համար», – ասում է նա:

Հարցին, թե կա՞ տնտեսության որևէ ճյուղ, որն առավել շատ կարիք ունի խելացի լուծումների, Էդուարդ Մուսայելյանը պատասխանում է, որ բոլոր ճյուղերում էլ կա նման անհրաժեշտություն՝ գյուղատնտեսությունից սկսած եւ առողջապահությունով վերջացրած։

Ավելին տեղեկատվական գործընկերոջ կայքում՝ News.am