
2019 թվականի վերջում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը:
«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման և մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում: ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երևանի, Արցախի և մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին ևս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների, լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափերի համար»,- ներկայացրեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
«Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ Նախարարության և Միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարևոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաև Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։
Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա և տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարևորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց և հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», – նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
«Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ ստեղծվեց «Խելացի լուծումների կենտրոնը», և չնայած 2020-ի դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության և մասնավոր հատվածի միջև հուսալի կամուրջ ծառայելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականին «Խելացի լուծումների կենտրոնը» հանդես կգա նոր ձեռքբերումներով և կընդլայնի իր կրթական կարևոր դերակատարումը մեր երկրում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Խելացի լուծումների կենտրոնը» հանդիսանում է կարևոր հարթակ՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունը ավելի արդյունավետ դարձնելու և նոր ստարտափեր ձևավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմկերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ և տեխնոլոգիական միջոցառումներ:
Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետևյալ ուղղվածությունը՝
- Կիբերանվտանգություն
- Միկրոէլեկտրոնիկա
- ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
- Արհեստական բանականություն
- Իրերի համացանց
- Ձեռներեցություն
Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ: