U E I C T

Ռալֆ Յիրիկյան. Ամրակցված շուկայում հավասարակշռությունը կարող է խախտվել

Հունվարի 16-ին Ucom-ը հաստատեց, որ քննարկումներ է վարում VEON-ի հետ վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline Armenia) ձեռք բերելու վերաբերյալ: Itel.am հնարավոր գործարքի մասին զրուցել է Հայաստանի բջջային կապի առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

– Ինչպիսի՞ն կարող է լինել հնարավոր գործարքի ազդեցությունը Հայաստանի հեռահաղորդակցային շուկայի վրա:

– Կոնսոլիդացման գործարքներ տեղի են ունենում հեռահաղորդակցային տարբեր շուկաներում: Լինում են հաջող օրինակներ, որոնք նպաստում են տվյալ ոլորտի զարգացմանը, լինում են նաեւ ձախողումներ, որոնք առաջընթացի փոխարեն հետընթաց են առաջացնում ոլորտում:

Ucom-ի եւ Beeline Armenia-ի բիզնես-մոդելները տարբերվում են Վիվա-ՄՏՍ-ի մոդելից, քանի որ այդ երկու ընկերությունները գործում են շուկայի այնպիսի հատվածներում, որոնցում մենք չենք գործում:

Մասնավորապես, շարժական կապից բացի, իրենք ունեն ամրակցված (ֆիքսված) ցանցեր եւ հանդիսանում են ինտերնետի խոշոր ներկրողներ ու տարանցողներ: Եթե գործարքը տեղի ունենա, ապա ամրակցված ցանցի ոլորտում նոր ընկերությանը կպատկանի շուկայի շուրջ 90 տոկոսը: Ամրակցված ցանցերի միջոցով մատուցվող ինտերնետային ծառայությունների պարագայում շուկայի մասնաբաժինը կկազմի շուրջ 80 տոկոս, իսկ IP-հեռուստատեսության պարագայում` շուրջ 70 տոկոս: Սրանք բավականին լուրջ թվեր են: Արդյոք սա խթանելո՞ւ է մրցակցությանը շուկայում, թե՞ հակառակը. գնահատականը պետք է տան համապատասխան պետական եւ կարգավորող կառույցները եւ որոշումներ կայացնեն:

Ինչպես ասացի, Վիվա-ՄՏՍ-ը, ըստ էության, ամրակցված ցանց չունի: Մենք նման ծառայություններ մատուցում ենք սահմանափակ թվով իրավաբանական անձանց՝ դա ավելի շուտ դիտարկելով որպես թեստավորում: Ֆիզիկական անձանց մենք նման ծառայություններ չենք մատուցում: Հետեւաբար, գործարքի իրականացման դեպքում նոր ընկերությունը մատուցելու է կոնվերգենտ (համակցված) ծառայություններ, ինչի հնարավորությունը մենք չունենք: Փաստացի նրանք կդառնան թելադրող կոնվերգենտ ծառայությունների շուկայում:

Եթե մենք ձեռք բերենք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն, կկարողանանք որոշակի մրցակցություն ապահովել կոնվերգենտ դաշտում, սակայն, միեւնույն է, հավասարակշռությունը խախտված կմնա:

Շարժական կապի ոլորտում մեզ համար գրեթե բան չի փոխվելու: Այսօր մեզ է պատկանում Հայաստանի շարժական կապի բաժանորդների շուրջ 60 տոկոսը: Շարժական կապի եկամուտների ցուցանիշով եւս մեզ է պատկանում շուկայի 60 տոկոսը: Ընդ որում, եթե առանձնացնենք շարժական կապի ինտերնետ-ծառայությունների հատվածը, ապա այստեղ եկամուտների  ցուցանիշով շուկայի 65 տոկոսն է մեզ պատկանում: Բացարձակ առաջատար ենք նաեւ շարժական ինտերնետի բաժանորդների քանակով: Ուստի շարժական կապի ոլորտում առաջատարի մեր դիրքերը հնարավոր գործարքի հետեւանքով չեն սասանվելու:

Ինչ վերաբերում է ինտերնետի ներկրմանն ու տարանցմանը, ապա երկու ընկերություններն էլ խոշոր դերակատար են եւ միավորման դեպքում էլ ավելի խոշոր կդառնան: Կարծում եմ, որ կարգավորող մարմինները պետք է սա գիտակցեն եւ հաշվի առնեն:

– Դուք բերեցիք հետեւյալ թվերը՝ 90, 80 եւ 70 տոկոս: Նշանակում է, որ գործ կունենանք գերիշխող դիրք ունեցող ընկերությա՞ն հետ:

– Թույլ տվեք ես օգտագործեմ «գերակշիռ դիրք ունեցող» եզրը:

– Որքանո՞վ էին անակնկալ Ucom-ի եւ Beeline-ի քննարկումները:

– Անակնկալ չէի անվանի, քանի որ, ինչպես նշեցի, հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտում հաճախ են լինում կոնսոլիդացման գործարքներ՝ ելնելով այս կամ այն ընկերության տեսլականից կամ բիզնես-մոդելից: Պատճառները եւ շարժառիթները կարող են տարբեր լինել, բայց դա նորմալ երեւույթ է:

Եթե գործարքը կայանա, կարիք կլինի հասկանալու, թե այն ինչպես կանդրադառնա շուկայի եւ մրցակցության վրա, սակայն ակնհայտ է, որ ի հայտ է գալու անհավասարակշռություն ամրակցված կապի ծառայությունների դաշտում:

– Իսկ միգուցե հայաստանյան շուկայի առանձնահատկությունն այն է, որ այստեղ «տեղ կա» միայն երկու խոշոր դերակատարի համար: «Օրանժ Արմենիան» փաստացի ձախողվեց Հայաստանում:

– Ես այդպես չեմ կարծում: Երբ մենք սկսեցինք աշխատել, աշխուժություն սկսվեց, ու շուկան շատ զարգացավ: Երբ երրորդ օպերատորը մտավ շուկա, մրցակցությունը շարունակեց զարգանալ: Բնականաբար, մրցակցությունը պետք է լինի առողջ, եւ կարգավորող մարմինները պետք է ուշադրություն դարձնեն հավասարակշռության պահպանմանն ու արհեստական խոչընդոտների վերացմանը:

Մի անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր գործարարների հետ եւ ինձ հարցրեց, թե ի՞նչ եմ մտածում չորրորդ լիցենզիա տալու մասին: Ես պատասխանեցի, որ իբրեւ ընկերության տնօրեն՝ ուրախ չեմ լինի, քանի որ նոր խաղացողի մուտքը կազդի շուկայի եկամտաբերության վրա՝ թեժացնելով առանց այն էլ թեժ մրցակցությունը:

Իսկ որպես քաղաքացի՝ միանշանակ կողմ կլինեմ, միայն թե այն պայմանով, որ նոր խաղացողը կայացած եւ միջազգայնորեն ճանաչված բրենդ լինի, որն իր հետ նոր մշակույթ կբերի: Մենք, շուկա մտնելով, մեզ հետ յուրահատուկ աշխատանքային մշակույթ բերեցինք: «Օրանժն» իր հետ բերեց իր մշակույթը, եւ դա միանշանակ օգտակար էր շուկայի համար:

– Դուք խոսեցիք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն ձեռք բերելու տարբերակի մասին: Փաստացի այսօր Հայաստանում միայն մեկ նման ընկերություն կա՝ «Ռոստելեկոմ Արմենիան»: Եթե չեմ սխալվում, նախկինում դուք այդ ընկերության ձեռքբերման վերաբերյալ քննարկումներ ունեցել էիք:

– Այո, նախկինում քննարկումներ ունեցել ենք: Եթե դիտարկենք «Ռոստելեկոմ Արմենիա»-ի ձեռք բերումը, դա մեզ կօգնի դառնալ կոնվերգենտ օպերատոր: Սակայն ամրակցված կապի ծառայությունների շուկայում ընկերության մասնաբաժինը բավականին փոքր է եւ թույլ չի տա լիարժեք մրցակցություն ծավալել գերակշռող խաղացողի ձեւավորման դեպքում:

– Հիշատակեցիք նաեւ ազնիվ մրցակցության մասին: Այսօր ինչպիսի՞ն է վիճակը շուկայում:

– Չկա տնտեսության որեւէ ոլորտ, որը խնդիրներ չունենա: Ճիշտ չի լինի ասել, որ գտնվում ենք 100-տոկոսանոց մրցակցային միջավայրում: Կան հարցեր, որոնց մասին այսօր նպատակահարմար չեմ գտնում խոսել, բայց ի վերջո լուծումներ միշտ գտնվում են, եւ մրցակցությունը տեղի է ունենում:

– Անկախ այն բանից՝ կկայանա Ucom-ի եւ Beeline Armenia-ի գործարքը, թե ոչ, հեռահաղորդակցային օպերատորները, այդ թվում՝ Վիվա-ՄՏՍ-ը, առերեսվում են ամենատարբեր մարտահրավերների հետ: Ի՞նչ քայլեր եք անում դրանց դիմակայելու ու զարգացումը շարունակելու համար:

– Մենք արդեն գտնվում ենք թվային փոխակերպման փուլում կամ, ինչպես ասում են, digital transformation-ի փուլում: Մեր տարբերանշանի՝ վերջերս տեղի ունեցած փոփոխությունն արտացոլում է մեր ընթացքը դեպի թվային աշխարհ: Միաժամանակ մենք ունենք 15 տարվա հարուստ ժառանգություն եւ փորձառություն: Անգլերեն legacy բառն է, որը դժվար է նույնությամբ հայերեն թարգմանել: Մեր գործունեության ընթացքում կատարել ենք շուրջ 232 միլիարդ դրամի ներդրում, որը, փոխարժեքի փոփոխությունները հաշվի առնելով, կազմում է ավելի քան 580 միլիոն դոլար: 2020 թվականին կատարելու ենք ավելի քան 12 միլիարդ դրամի ներդրում (շուրջ 25 միլիոն դոլար)՝ ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով մոտ 245 միլիարդ դրամի: Այս թիվը վկայում է, որ մենք շատ վճռական ենք տրամադրված շուկան եւ մեր բիզնեսը զարգացնելու, մշտապես նորարարի դերում հանդես գալու հարցերում: Հիշեցնեմ, որ 2010-ին մենք առաջինը ներդրեցինք չորրորդ սերնդի (4G) ցանցը, եւ Հայաստանը դարձավ աշխարհում 10-րդ երկիրը, որը նման ցանց ունեցավ: 2019-ի ընթացքում 4G/4G+ ծածկույթը հասանելի ենք դարձրել բնակչության 78.3 %-ին: Սա նշանակում է, որ Հայաստանի 655 բնակավայրում կա 4G/4G+: Ավելի կոնկրետ՝ 608 գյուղ եւ 47 քաղաք:

Այսօր լրջորեն մտածում ենք հինգերորդ սերնդի (5G) ցանց ներդնելու մասին: Վիվա-ՄՏՍ-ը վաղուց է պատրաստ 5G-ի ներդրմանը, քանի որ 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաեւ 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով:

Մենք մշտապես եղել ենք խոշորագույն հարկատուների ցանկի վերին տողերում: Վերջին մի քանի տարում առաջին հնգյակում եւ տասնյակում ներկայացված չէինք բացառապես այն պատճառով, որ մեծ հարկային գերավճարներ ունեինք, որոնք «մաշեցնում» էինք: 2019 թվականին այդ գործընթացն ավարտին հասցրինք եւ հայտնվեցինք 14-րդ հորիզոնականում: Սակայն իրականում հարկատուների առաջին տասնյակում պետք է լինեինք 7-րդ հորիզոնականում՝ փաստացի մուտքերի առումով՝ հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար:

Կարող եմ կանխատեսել, որ 2020 թվականի արդյունքներով լինելու ենք 5-7-րդ տեղերում՝ վճարելով մոտ 16 մլրդ դրամի հարկեր: Գործունեության ամբողջ ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի կողմից պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ:

Բացարձակ առաջատար լինելով շարժական կապի ոլորտի բոլոր հատվածներում՝ թվային փոխակերպման արդյունքում մենք հեռահաղորդակցային օպերատորից վերափոխվում ենք տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ընկերության եւ արդեն սկսել ենք շուկայում համապատասխան լուծումներ առաջարկել: Որպես փոխակերպման առանցքային քայլ՝ մենք զարգացնում ենք application developer-ների մեր թիմը: Ներգրավում ենք լավագույն IT մասնագետներին: Ժամանակին IT մասնագետները խուսափում էին աշխատել հեռահաղորդակցության ընկերություններում: Նրանք չէին զարգացման մղիչ ուժը: Նրանք ֆունկցիոնալ աջակցության, այլ ոչ ռազմավարական դեր էին կատարում: Հիմա իրավիճակը փոխվել է: IT մասնագետների ու մարկետինգի համագործակցությունը ծնունդ է տալիս նոր պրոդուկտների:

Մենք դառնում ենք ՏՀՏ ընկերություն՝ IT եւ ավանդական հեռահաղորդակցության սիներգետիկ միաձուլում, այսպես կոչված՝ «smart pipe» կամ «խելացի խողովակ»: Այսինքն՝ չենք սահմանափակվում հեռահաղորդակցության ավանդական գործառույթ իրականացնելով: Ապագան համակարգերի ինտեգրացիան է (system integration): Ապագան էկոսիստեմներն են: Վիվա-ՄՏՍ-ը դառնում է «անձրեւանոց» բրենդ, որի ներքո զարգանում են ուղղություններ, որոնցից մեկն է հեռահաղորդակցությունը: Օրինակ՝ «ՄոբիԴրամ» հավելվածը, այսպես կոչված՝ «ֆինտեխը», որն իրականացնում է ֆինանսահաշվարկային գործողությունների լայն շրջանակ:

Մենք արդեն իսկ մշակում եւ առաջարկում ենք հավելվածներ՝ կրթական, ժամանցային-խաղային, հաղորդակցային, ֆինանսների եւ պրոցեսների կառավարման:

Նշեմ «ՄՏՍ TV» հավելվածը, որը «Շանթ» հեռուստաընկերության հետ մեր համատեղ նախագիծն է: Հեռուստաբովանդակությունը՝ բազմաժանր կոնտենտը, հասանելի է դառնում մեր՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդներին: Content is the King, ինչպես ասում են: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, եւ Վիվա-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության հասանելիություն իր ապրանքանշանը կրող հավելվածների միջոցով:

Արդեն հիմա իրականացնում ենք կառուցվածքային վերափոխումներ, աշխատում ենք agile workplace (շարժուն աշխատավայր) մեթոդաբանության ներդրման վրա, ինչպես նաեւ արդիականացնում ենք գործառնական համակարգերը:

Մեծ ուշադրություն ենք դարձնում ստարտափների աջակցության ծրագրերին եւ միշտ բաց ենք համագործակցության համար այն ընկերությունների հետ, որոնք ունեն համարձակ գաղափարներ:

Այս ամենի հետ մեկտեղ շարունակում ենք սոցիալական ներդրումները: Մինչ օրս 29 միլիարդ դրամ է ներդրվել սոցիալական ներդրումների ուղղությամբ: Ավանդական ուղղությունների հետ մեկտեղ փորձում ենք ինովացիոն լուծումներ տալ գյուղերի ենթակառուցվածքային խնդիրներին. ջեռուցման ապահովում՝ արեւային պանելների կամ արեւային տաքացուցիչների միջոցով, գիշերային լուսավորություն՝ գյուղի բյուջեն տնտեսող LED լուսարձակներով:

Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ 15 տարվա ընթացքում վարկային բեռ երբեւէ չենք ունեցել, որեւէ գրավադրված գույք չունենք: 2019թ. օգոստոսից ՄՏՍ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն ենք, ինչը թույլ է տալիս ավելի արագ քննարկել եւ հաստատել զարգացման ծրագրերը: Վստահ եմ, որ շարժական կապի ոլորտում մենք միշտ լինելու ենք այն «գնացքը», որն առաջ է տանելու մեր երկրի տնտեսությունը:

Օրացույց

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031