
2018թ. հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկվեցին ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններում` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն:
Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված համաժողով-ցուցահանդեսին մասնակցեցին սպասվածից ավելի՝ շուրջ 500 մարդ։ Մասնակիցները պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներ էին: Իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները ներկայացրեցին ցուցահանդեսային հատվածում շուրջ 30 տեղական և միջազգային կազմակերպություններ:
Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Գործընկերներն էին՝ ՀՀ կառավարությունը, Եվրոպական Միությունը իր «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական ասոցիացիան, Նեյշնլ Ինսթրումենթը, ԱյԲիԷմ-ը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը, Ռոստելեկոմը։