U E I C T

Վարչապետը հանդիպել է Սինոփսիս ընկերության աշխատակիցների, ՏՀՏ գործատուների միության անդամների և ՏՏ վերազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:
Այնուհետև կառավարության եկավարը հանդիպել ՏՀՏ գործատուների միության անդամների և ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ գործադիրին է ներկայացվել ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացման, այս բնագավառի հետագա զարգացման բարձրակարգ մասնագետների պատրաստման, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման հնարավորություններն ու միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները:
Գործադիրի ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և ընդգծել, որ այն գտնվում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ «ճանապարհային քարտեզ», հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Գիտեմ, որ սա առաջին անգամն է, որ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակի տարածքում, սովորաբար մենք համատեղ գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում և կարծում եմ՝ սա մեր հարաբերություններում խորհրդանշական փոփոխություն է: Ես մի այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում. եթե իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ, ուրեմն այդ մարդը կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սա է պատճառը, որ հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին: Իրականում, մի կողմ դնելով հումորը, սրա մեջ լուրջ խորհրդանշական բան եմ տեսնում: Մի դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ մարդն ասում է՝ անհնար է, որևէ բան չի փոխվի, որևէ հույս չկա, երկրորդ դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների մարդիկ են, որոնք ասում են՝ անհնար ոչինչ չկա: Ւնչու ենք մենք կարևորում բարձր տեխնոլոգիաները, որովհետև դա և՛ մտքի, և՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորինի սահմանը: Այսինքն, այն, ինչ 10, 20, 30 տարի առաջ կհամարվեր անհնար՝ հիմա դարձել է իրականություն: Այժմ համոզված եմ և հույս ունեմ, որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք և մեր երկրում հնարավորինի սահմանը կընդլայնեք, իհարկե բոլորիս աջակցությամբ»:
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ՏՏ ոլորտն «արտագաղթի» կարևոր մաս է կազմում՝ դա «արտագաղթն է հին իրականությունից դեպի նոր իրականություն», այսինքն՝ հին կյանքից դեպի նոր կյանք: Վարչապետի համոզմամբ՝ այս բնագավառն իր հետ բերում է նաև աշխատանքային նոր մշակույթ: ««Արտագաղթի» այս մոդելը շատ կարևոր է. մենք պետք է մնանք մեր երկրում, շարունակենք ապրել մեր երկրում, բայց չպետք է մնանք նույն տեղում, այլ շարունակաբար տեղափոխվենք մի տեղից՝ մի տեղ, մտածողության մի հարթությունից՝ հաջորդ հարթություն, հաջորդ հարթությունից՝ ավելի բարձր հարթություն, մի իրականությունից՝ մեկ այլ իրականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է կրթության ոլորտի զարգացումը, քանի որ ցանկացած խնդրի լուծման «ճանապարհային քարտեզի» մեջ կրթությունը պարտադիր իր տեղն ունի: «Չկա այդպիսի խնդիր, որի լուծման ընթացքում ներկա չլինի կրթական կոմպոնենտը: Եթե այդ լուծումը բաղկացած է երկու քայլից, ուրեմն այդ երկու քայլերից մեկը պարտադիր կրթական կոմպոնենտն է»,- ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը հրավերի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու համար: