
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Արմեն Աբրոյանը, հունվարի 17-ին հանդիպեցին Օպտիմ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիկ Կելլերի հետ:
Վիկ Կելլերը Հայաստանում էր երկoրյա այցով, որի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ՏՀՏ համայնքի հետ, ուսումնասիրել ոլորտը և հետագա զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը ներկայացրեց Միության գործունեությունը, իրականացվող ծրագրերը և հետագա նախագծերը:
«2019 թվականի դեկտեմբերին Միությունը իրականացրեց երկու նոր նախագիծ՝ Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական հաաժողովը և Խելացի լուծումների կենտրոնի բացումը ՀԱՊՀ-ում:
Միությունը ակտիվորեն համագործակցում է ԲՏԱ նախարարության հետ տարբեր ուղղություններով և ընդգրկված է տարբեր աշխատանքային խմբերում: Միությունը, ընդլայնելով իր գործունեությունը հիմնել է նաև մարզային կենտրոն Գյումրիում»,- նշեց Արմեն Բալդրյանը:
Փոխնախարար Արմեն Աբրոյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և գործունեության թիրախային ուղղությունները: Փոխնարարը նշեց, որ նախարարության նոր ռազմավարությամբ նախատեսվում է աջակցել ոչ միայն նորաստեղծ այլ, նաև խոշոր կազմակերպություններին:
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո Վիկ Կելլերը այցելեց Սինոփսիս Արմենիա ընկերության գրասենյակը: