U E I C T

Տարածաշրջանից ուղեղներ են «որսում», Հայաստանը մասնագետներ ու եկամուտ է կորցնում։ Էդուարդ Մուսայելյանի հարցազրույցը Hraparak.am-ին

Հայաստանի տնտեսության զարգացման ամենակարեւոր ճյուղերից մեկը՝ ՏՏ ոլորտը, զիջում է դիրքերը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով մեր երկիր եկած IT մասնագետները հեռանում են երկրից, քանի որ, օրինակ, Վրաստանում հարկային բեռն ավելի թեթեւ է, քան Հայաստանում։ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ կառավարությունը պետք է արագ կողմնորոշվի, աշխարհում, այսպես ասած՝ ուղեղների որս է, տարածաշրջանում մրցունակ լինելու համար ավելի լավ պայմաններ են պետք, հարկային ավելի ցածր բեռ։

«Այլ երկրներ ընկել են այս ուղեղների հետեւից։ Մենք առաջարկում ենք կառավարությանը` ոչ թե սպասել, տեսնել՝ ոլորտն ինքն իրենով զարգանում է, թե ոչ, այլ կտրուկ քայլեր անել, օրենսդրական բարեփոխումներ անել, հարկային ավելի ցածր բեռ սահմանել, որ ՏՏ ոլորտը դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը։ Պետք է գործենք ավելի արագ, քան այլ երկրներ, որոնք առիթից օգտվում են»,- նշեց մեր զրուցակիցը։ Թեեւ պետք է նկատել, որ այստեղ էլ ենք արդեն ուշացել, եւ պատերազմից հետո Հայաստան եկած ՏՏ ոլորտի կազմակերպությունների մեծ մասն արդեն հեռացել է Հայաստանից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի ներկայացուցիչները ոլորտը կարգավորող գերատեսչություններին ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթ են ներկայացրել։ Կառավարությանն առաջարկում են՝ ՏՏ ոլորտի բիզնեսի համար համահարթեցված պայմաններ ստեղծել, եկամտային հարկն էլ սահմանել 5 տոկոս: Ավելին, օրերս խորհրդարանում այս թեմայով հանրային լսումներ տեղի ունեցան։ Օրենսդրական նախագծի փաթեթով նախատեսվում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար սահմանել մեկ համավճար, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում եկամտային հարկի գծով հաշվարկված եւ վճարված գումարները։

«Տարածաշրջանում կան այլ երկրներ, որոնք ավելի լավ առաջարկներ են անում ՏՏ ոլորտի մասնագետներին։ Հայաստանում 20 տոկոս է հարկային եկամուտը, իսկ սկսնակների համար՝ 10 տոկոս, Վրաստանում համահարթեցված է` բոլոր ընկերությունների հարկային եկամուտը 5 տոկոս է։ Այս պետությունն ակնհայտ առավելություն ունի։ Նման առավելություններ ունեն նաեւ Ղազախստանը, Թուրքիան։ Մասնագետները, իմանալով հարեւան երկրների առավելությունների մասին, լքում են Հայաստանը։ Մեր երկիրն ունի քիչ թե շատ կայացած ՏՏ ոլորտ, այս օրենսդրական նախագծի անհրաժեշտությունը կա, քանի որ, ինչպես արդեն ասացի, ուղեղների արտահոսք է մեր երկրից»,- ընդգծեց Մուսայելյանը։

Ըստ զրուցակցիս՝ հարեւան երկրներն ավելի արագ են կողմնորոշվել՝ գնահատելով ոլորտի կարեւորությունը։ «Մեր գործընկերներից շատերն ասում են, որ իրենց անձնական ընկերություններում, պատերազմով պայմանավորված, պայմանական 500 հոգի են ընդունվել աշխատանքի, եւ այդքան մասնագետից մնացել է ընդամենը 80 հոգի, մեծ մասը գնացել է, օրինակ, Վրաստան։ Երբ պատերազմական իրավիճակ եղավ, հարեւան երկրները շատ արագ կողմնորոշվեցին, մտածեցին՝ ունենալ այնպիսի օրենք, որը մրցունակ կլինի եւ իրենց երկիր կբերի ՏՏ ոլորտի մասնագետներին։ Մենք մեր նախագծում ներկայացրել ենք այն երկրների օրինակները, որոնք արագ կողմնորոշվել են եւ լավ հարկային պայմաններ են առաջարկում՝ փորձելով այդ եղանակով իրենց երկիր տանել տաղանդներին։ Վրաստանում 5 տոկոս է եկամտային հարկը, իսկ շահութահարկը՝ 0 տոկոս։ Սա նշանակում է, որ Հայաստան եկած մասնագետը մեր երկրում շատ ավելի բարձր շահութահարկ է վճարում եւ նախընտրում է գնալ Վրաստան»,-ընդգծեց Մուսայելյանը։

Նա նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ ծավալուն քննարկումներ են եղել, հանդիպել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պայմանավորվածություն կա՝ մինչեւ սեպտեմբեր ձեռքի տակ ունենալ այնպիսի նախագիծ, որտեղ գնահատված կլինեն ռիսկերը, բոլոր կողմերի կարծիքները։

«Արագ գործելու վերաբերյալ ընդհանուր ընկալումը կա, բայց ընդհանուր ընկալում չկա լավագույն մոդելի մասով։ Մենք կարծում ենք, որ լավագույն մոդելը ֆինանսական շատ հաշվարկներով կարող է տարբեր լինել, բայց փաստը մեկն է՝ այն երկրները, որոնք խիզախ են եղել, քաղաքական որոշում են կայացրել եւ բարձր տեխնոլոգիաները որպես երկրի զարգացման գերակա ուղղություն են համարել, հաջողել են։ Մեր խնդիրն այն է, որ համապատասխան գերատեսչություններին համոզենք՝ չնայել ՏՏ ոլորտին տրված արտոնությունները որպես ոլորտային աջակցություն, այլ դիտարկել որպես երկրի կարեւորագույն ռազմավարական որոշում։ Մեր բնական ռեսուրսը մարդկային կապիտալն է, աշխարհին կարող ենք լավ բան առաջարկել միայն որակյալ ինժեներներ ունենալով։ Գնդակը ֆինանսների նախարարության դաշտում է։ Գերատեսչության համար այս օրենքի նախագիծը մեծ ռիսկ է։ Մեր առաջարկն է ֆինանսների նախարարությանը՝ արագ գործել, որ նախագիծն ուշացած չլինի։ Պետք է շտապել, ամբողջ աշխարհում հիմա մրցակցություն է գնում»,- ընդգծեց Մուսայելյանը։

ՏՀՏ գործատուների միության տնօրենի խոսքով՝ այն պետությունները, որոնք գործում են համահարթեցված հարկային կանոններով, օրինակ, Վրաստանը, շահում են։ Վրաստանում հարկային եկամուտը 5 տոկոս է, Հայաստանում՝ 20, իսկ սկսնակ գործարարների դեպքում՝ 10 տոկոս։ Վրաստանը, փաստորեն, մեր երկրի նկատմամբ առավելություն ունի, նման առավելություններ ունեն նաեւ Ղազախստանը, Թուրքիան։