U E I C T

Տեխնոլոգիական համայնքի հետ համագործակցությունը շարունակվում է. Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության վարչության և անդամ ընկերությունների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին:

Նախարարն իր մոտեցումներն է ներկայացրել ընդունված օրենքի և ուղղությունների վերաբերյալ, շեշտելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը պահանջում է շարունակական վերանայում և արդիականացում՝ շուկայի փոփոխություններին համահունչ լինելու համար։ Այդ համատեքստում, նախարարի խոսքով, կարևոր է համարձակ քայլերի գնալը:

Կառուցողական բանավեճ է ծավալվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկի և գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մեխանիզմների շուրջ։ Նախարարը պարզաբանել է ՀՀ կառավարության կողմից փետրվարի 13-ին ընդունված որոշմումը, որով սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը, որի  շնորհիվ 32 ուղղությամբ գործող ընկերությունները կկարողանան օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Քննարկվել է նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մեխանիզմը։ Ըստ ընդունված կարգի՝ կձևավորվի մասնագիտական հանձնաժողով, որը կսահմանի գիտահետազոտական և փորձարարական ծրագրերի չափանիշները և դրանց որակման կարգը։ Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու գիտահետազոտական աշխատանքները և նպաստելու ոլորտում գիտական հիմքի ամրապնդմանը։

ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչները նշել են առկա խնդիրները և առաջարկել են Միության աջակցությունը՝ Միության անդամ ընկերությունների մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խմբի հետ աշխատել կարգավորումների արդյունավետության մոնիտորինգի և բարելավման ուղղությամբ։ ՏՀՏ Միության ներկայացուցիչները ողջունել են նախարարության պատրաստակամությունը նպաստելու ոլորտի զարգացման ջանքերին, ՝ կարևորելով համագործակցության և փոխգործակցության դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է, որ Միությունը արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստակամ է օժանդակել  նախարարությանը ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման գորշում։

Էդուարդ Մուսայելյանը նշել է, որ ՏՀՏ գործատուների միությունը միշտ աշխատում է կառուցողական մոտեցում ցուցաբերել նախարարության հետ աշխատելիս և բոլոր խնդիրները լուծել միասին։ Նաև առաջարկեց միասին իրականացնել տեղեկատվական արշավ՝ օրենքի վերաբերյալ մանրամասներին ընկերություններին ծանոթացնելու և իրենց մոտ ծագած հարցերին պարազաբանումներ տալու համար։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ նախարարությունը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկների համար և պատրաստ է շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի երկարատև և կայուն զարգացմանը։

Քննարկմանը ներկա են եղել նաև ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկիանը, «Վիվա Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ֆիլիպ Մորրիս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը, «Ինտելքորս» և «Հայլինք» ընկերությունների հիմնադիր Գագիկ Էվոյանը և այլք: