
ՏՀՏ գործատուների միության անդամները հանդիպեցին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի և նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց նոր ստեղծվող նախարարության կառուցվածքը: Նշեց, որ նախարարությունը իր գործունեության հիմնական շեշտադրումը դնելու է երեք ուղղությունների վրա՝ անվտանգության մակարդակի բարձրացում, նորարության միջոցով տաղանդի արտահոսքի կանխում և կենսամակարդակի աճ: Կարևորվելու է նաև տեխնոլոգիական համագործակցությունը այլ երկրների հետ: Նախարարության ներսում ստեղծվելու են ոլորտային աշխատանքային խմբեր, որոնց մեջ ներգրաված են լինելու բիզնեսի և Միության ներկայացուցիչները:
Հանդիսանալով Հայաստանի ՏՀՏ ոլորտի խոշոր գործատուներին միավորող կառույց, Միության ղեկավարությունը պատրստակամություն հայտնեց աջակցել նախարարությանը:
Նախարարին ներկայացվեց Միության նպատակներից մեկը՝ հիմնարար կրթության բարելավումը, կապելով արդյունաբերությունը կրթության հետ: Այդ համատեքստում կարևորվում է քառակողմ համագործակցությունը՝ արդյունաբերություն, Միություն, կրթական հաստատություններ և պետություն:
Ներկայացվեց երրորդ սերնդի համալսարանի ստեղծման գաղափարը՝ ՀԱՊՀ-ի հենքի վրա: Համալսարանի ստեղծման առաջին քայլերից է ՀԱՊՀ-ում Խելացի լուծումներ ամբիոնի ստեղծումը:
Քննարկվեցին մարզերի զարգանցման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և միջոցառումները:
Հանդիպման ընթացքում Միության անդամները ներկայացրեցին միջազգային համագործակցության ուղղությամբ Միության կողմից իրականացվող քայլերը, ՀայՏեք կենտրոնի գործունեությունը, ոլորտում և օրենսդրական դաշտում առկա խնդիրները:
Կողմերը պայմանավորվեցին այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական: