U E I C T

ՏՀՏ գործատուների միության անդամները հանդիպեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱԺ պատգամավորների հետ

ՏՀՏ գործատուների միության անդամները հանդիպեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱԺ պատգամավորներ՝ Բաբկեն Թունյանի, Հայկ Գևորգյանի, Արտակ Մանուկյանի և Ծովինար Վարդանյանի հետ:

Հանդիպման ժամանակ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար:

«Առաջնահերթ ուզում եմ ողջունել և շնորհավորել եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ընդունման վերաբերյալ: Մենք համարում ենք, որ դա շատ կարևոր քայլ է մեր երկրի համար: Մեր հանդիպման հիմնական նպատակն է կամուրջ ստեղծել Միության և Ազգային ժողովի միջև: Միության գործունեության հիմնական ուղղություններն են Միության անդամների շահերի պաշտպանությունը և որակյալ կադրերի պատրաստումը: Միությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում և ուզում եմ նշել, որ հանդիսանալով հասարակական կազմակերպություն, բոլոր ծրագրերը նախաձեռնվում են բացառապես Միության անդամների միջոցներով», նշեց Արմեն Բալդրյանը:

«Իմ և գործընկերներիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Մենք շատ ենք կարևորում նոր կառավարության, պետության և գործատուների միջև բաց համագործակցությունը: Նաև շատ կարևոր են այսպիսի հանդիպումները ոլորտի ներկայացուցիչների հետ», նշեց Արարատ Միրզոյանը:

Միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկայացրեց Միության առաջիկա ծրագրերը, «Կարևորելով կրթական ոլորտը, Միությունը ՀԱՊՀ-ում հիմնում է «Խելացի լուծումներ» լաբորատորիաները: Դեկտեմբերի 4-ին անցկցնում ենք աշխատաժողով, որի շրջանակներում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունները քննարկելու են ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները և դրանց կիրառելիությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Եվ Միության երրորդ նախաձեռնությունն է՝ Մարզային կենտրոնների հիմնումը Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում:»

Միության անդամները, հանդիսանալով ոլորտի խոշոր գործատուներ, ներկայացրեցին հեռահաղորդակցության, կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրները: Գործատուները բարձրաձայնեցին իրենց պաշտպանվածության և  աշխատանքային օրենսգրքի հետ կապված խնդիրները:

ՏՀՏ գործատուների միության անդամների կողմից հնչեցին առաջարկներ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը առաջարկեց բոլոր խնդիրները գրավոր ուղարկել ԱԺ, հետագա ուսումնասիրման համար:

Հանդիպումը անցավ շատ արդյունավետ, ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ: