
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Պատերազմը ընթանում է ոչ միայն մարտի, այլ նաև տեղեկատվական դաշտում՝ ներառյալ բոլոր սոցիալական հարթակները:
Ադրբեջանը՝ հավատարիմ մնալով իր ագրեսորի կեցվածքին, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի ոտնահարմամբ հերթական անգամ դիմել է հրադադարի ռեժիմի խախտման:
Հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՏՀՏ գործատուների միությունը կոչ է անում միության բոլոր անդամ կազմակերպություններին, ինչպես նաև համայն հայությանը՝ ամբողջ ներուժով սատարելու Հայաստանի և Արցախի կառավարություններին, Պաշտպանության նախարարությանը և Պաշտպանության բանակին՝ ագրեսիան կանգնացնելու իրենց ջանքերում:
ՏՀՏ գործատուների միության բոլոր անդամ կազմակերպությունները անխափան իրականացնում են իրենց աշխատանքը և պատրաստակամ են իրենց մասնագիտական գիտելիքներով, փորձով և գործիքակազմով աջակցելու ՀՀ և ԱՀ կառավարություններին:
ՏՀՏ գործատուների միության վարչություն