U E I C T

ՏՀՏ գործատուների միությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։

«Մեր ծրագրի իրականացման և զարգացման գործում ընդգրկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում հեղինակություն ունեցող, ինչպես նաև առողջապահության նախարարության հոգսերն իմացող կազմակերպություն` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը»,-ասել է նախարար Լևոն Ալթունյանը։

Արմեն Բալդրյանը նշել է, որ իրենց կազմակերպությունն ի սկզբանե կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ճյուղերում, քանի որ դրանում տեսնում են Հայաստանի  տնտեսության և արտադրողականության զարգացման հիմնական ճանապարհներից մեկը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունն առողջապահության ոլորտի օգտատեր է, ինչպես նաև առողջապահության կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մենք որոշեցինք ակտիվորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների հիման վրա ներդրված համակարգի կայացման ու զարգացման գործում։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Մենք կտանք մեր փորձագիտական կարծիքը, կօգնենք բացահայտելու բաց կողմերը և լրացնելու դրանք, ինչպես նաև նախագծելու ապագա ռազմավարությունը»,-ասել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը։

Ի դեպ, միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծված էլեկտրոնային առողջապահության մեր համակարգը ներկայացված է լավագույն կողմերով և այն  առաջիկյում կներդրվի Ղազախստանում ու Բելառուսում։

Հուշագիրը ստորագրող կողմերը վստահեցրել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի։