U E I C T

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղիները

Սեպտեմբերի 3-ին ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպեցին  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանին, ովքեր պաշտոնական այցով էին եկել ՀԱՊՀ:

Հանդիպմանը ներկա էին  ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և ՏՀՏԳՄ խորհրդի անդամներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայլինք ընկերության տնօրեն Գագիկ Էվոյանը, ինչպես նաև ԳՏԿ-ի տնօրեն Ամալյան Եղոյանը և այլոք:

Հյուրերը շրջայց կատարեցին Պոլիտեխնիկական համալսարանում։ Այցելեցին Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և ՀԱՊՀ-ի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն: Շրջեցին կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացան նորագույն սարքավորումներին,:

ANEL լաբորատորիաներում հյուրերը շրջեցին Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով: Հյուրերին ներկայացվեցին արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում:

Հանդիպումը շարունակվեց ռեկտորի ընդունարանում, որտեղ քննարկվեցին Չինաստանի, ՏՀՏԳՄ-ի և ՀԱՊՀ-ի համագործակցության հնարավոր ուղղիները:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն Չինաստանի կառավարության հետ քննարկել ՀԱՊՀ-ի տարածքում հայ-չինական համատեղ արհեստական բանականության ուղղվածությամբ գերազանցության կենտրոնի ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրի ներդրումը: