U E I C T

Հեռահաղորդակցություն և կապ, IoT համակարգեր

2024 թվականին ՏՀՏ գործատուների միությունը՝ «Վիվա-Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և «Լոկատոր» ՓԲԸ-ի աջակցությամբ մշակեց «Հեռահաղորդակցության և կապ, IoT համակարգեր» ավագ դպրոցի ծրագիրը։ Ծրագիրը ստեղծվել է բուհերում դասավանդող մասնագետների կողմից։

Ավագ դպրոցներում այս առարկայի ուսուցման տևողությունը մեկ տարի է։

Ծրագրի մեկնարկ

2024 թվական

Վայր

Հայաստան

Գործընկերներ

Վիվա-Արմենիա

Լոկատոր

Մեր օրերում, տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ, կան տարբեր բազմաֆունկցիոնալ սարքեր և գործիքներ, որոնք կարող են հաղորդակցվել միմյանց հետ և որոշումներ կայացնել առանց մարդու անմիջական միջամտության։ Ամբողջ աշխարհում «Իրերի ինտերնետի» (IoT) հայեցակարգը առանցքային դեր է խաղում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների զարգացման գործում:

Այդ իսկ պատճառով Միությունը կարևոր է համարում այս առարկայի ներդրումը ավագ դպրոցի ուսումնական ծրագրում:

Ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները՝

 

  • Բիթեր և բայթեր
  • Տեղեկատվության պահպանում և փոխանցում (լարային և անլար կապ)
  • Ռադիոալիքներ (ռադիոհաճախականությունների դասակարգում՝ ըստ նպատակի)
  • Ազդանշանների տեսակները (անալոգային, թվային, 1-ների և 0-ների հասկացությունը)
  • Մոդուլյացիայի հայեցակարգը և տեսակները
  • Ռադիոյի տարրեր (ռադիոտեխնիկական սխեմաներ և դրանց ուսումնասիրություն)
  • Բջջային կապի համակարգերի պատմություն (3G, 4G և 5G տեխնոլոգիաներ)
  • Անլար կապի ցանցի հայեցակարգը (TCP/IP, Wi-Fi, Bluetooth)
  • IoT ցանցերի հայեցակարգը և կիրառությունները
  • Անլար կապի հիմնական հանգույցներ (ալեհավաքներ, հաղորդիչներ, ընդունիչներ)

 

Դասընթացն ունի նաև գործնական մաս և առաջադրանքների կատարման հատուկ դասընթացներ։

Բացի ծրագրի մշակումից, մասնագետները մշակել և ստեղծել են երեք լաբորատոր աշխատանքները իրենց փորձանմուշներով(ստենդերով), որոնք նպատակ ունեն ավագ դպրոցի աշակերտներին ոչ միայն ծանոթացնել IoT համակարգերի (իրերի ինտերնետի) հիմնական գաղափարներին, այլև բացահայտել, թե ինչպես են այս տեխնոլոգիաները կիրառվում տարբեր նշանակության ոլորտներում: Մասնագետների կողմից մշակված թվով 3 նշանակության լաբորատոր ստենդերը պատրաստվել են այնպես, որ աշակերտներին օգնեն խորացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել հմտություններ թվային տեխնոլոգիաների, սկսնակ ծրագրավորման և ավտոմատացված համակարգերի նախագծման վերաբերյալ:

Խելացի տուն

Առաջին լաբորատոր ստենդը ներկայացնում է «Խելացի տուն» համակարգի ուսումնական մոդելը, որն իր մեջ ներառում է տան լուսավորության, օդափոխության և խոնավության մոնիտորինգի համակարգերի կարգաբերումները ու ղեկավարումը։ Մասնավորապես այս լաբորատոր աշխատանքի արդյունքում աշակերտները գաղափար են կազմում լուսավորության, ջերմաստիճանի, խոնավության տվիչների աշխատանքի հետ՝ ստեղծելով նրանց աշխատանքի ծրագրային ապահովումները։ Հավելյալ աշակերտները ինֆորմացիա են ստանում նշված տվիչների՝ սնման լարումների ձևավորման սարքերի մասին։

Խելացի, անվտանգ տուն

Երկրորդ լաբորատոր աշխատանքի շրջանակներում աշակերտները հմտություններ և գիտելիքներ են ձեռք բերում խելացի տան անվտանգության համակարգերի մասին։ Մասնավորապես նրանց մուտքերի ու ելքերի էլեկտրոնային վերահսկման համակարգերի աշխատանքների սկզբունքներին և նրանց ծրագրային ապահովումների վերաբերյալ։ Այս լաբորատոր աշխանաքի իրականացման արդյունքում աշակերտները գաղափար կկազմեն, թե ինչպես են օգտագործվում շարժման տվիչները, կրակի հայտնաբերման սարքերը և ինչպես են պահպանվում խելացի տների մուտքերը և ելքերը։

Կաթիլային ոռոգման համակարգ

Երրորդ լաբորատոր ստենդը նախատեսված է խելացի տներում և գյուղատնտեսական նշանակության վայրերում կաթիլային ոռոգման ապահովման համար։ Այս լաբորատոր աշխատանքի վերջնարդյունքում աշակերտներին հնարավորություն կունենան ուսումնասիրել, թե ինչպես կարելի է ավտոմատացնել ոռոգման գործընթացը՝ օգտագործելով համապատասխան նշանակության ժամանակակից տվիչներ և միկրոկոնտրոլերներ խնայելով ջուր և էլեկտրաէներգիա։