Նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն ուսման մեջ և հետազոտական աշխատանքներում և կարող են լավագույն օրինակ ծառայել Հայաստանի երիտասարդության համար՝ խորացնելու իրենց գիտելիքները այդ ոլորտում և շարունակելու ճարտարագիտական բնագավառում Հայաստանի գերազանցության հարատև ավանդույթը։
2005 թվականին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հիմնադրվեց ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը։ Սինոփսիս ընկերությունը և Համահայկական հիմնադրամը համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի լավագույն ՏՏ ուսանողին Ամենամյա կրթական պարգև շնորհելու վերաբերյալ։ Նախագահի կողմից նշանակվեց մրցանակաբաշխության հանձնաժողով։ Ծրագրի հովանավորն է Արմենիա Սինոփսիս ընկերությունը։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները և ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ի առընթեր Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի Ա․Շիրակացու ճեմարան կրթահաալիրի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտական առարկաների թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, «Այբ» ավագ դպրոցի աշակերտները, ում տվյալները համապատասխանում են մրցանակաբաշխության պահանջներին, կարող են դառնալ կրթական պարգևի հավակնորդներ։
Մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր կրթական հաստատության լավագույն ուսանողին և աշակերտին հետևյալ անվանակարգերում․
- Գլխավոր մրցանակ
- Լավագույն ասպիրանտ
- Լավագույն մագիստրանտ
- Լավագույն բակալավր
- Լավագույն սփյուռքահայ մասնակից
- Լավագույն ուսանողուհի
- Լավագույն աշակերտ