U E I C T

Միկրոէլեկտրոնիկայի, ՏՏ և հեռահաղորդակցման առարկաների՝ ավագ դպրոցներում դասավանդման ծրագիր

ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով 2015 թվականին հանրապետության հանրակրթական մի շարք ուսումնական հաստատություններում մեկնարկեց «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների դասավանդման փորձնական ծրագիրը:

Ծրագրի մեկնարկ
01.05.15

Վայր
Հայաստան

Գործընկեր
ԿԳՄՍ նախարարություն, Յունիքոմփ, Սինոփսիս Արմենիա, Վիվա-ՄՏՍ

Հարկ է նշել, որ սա համաշխարհային պրակտիկայում նախադեպ չունեցող ծրագիր է, որն առաջին անգամ իրականացվում է Հայաստանում:

Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ մասնակից դպրոցների աշակերտները՝ կամավորության սկզբունքով ընդգրկվելով համապատասխան հոսքային դասարանում կամ դասարաններում, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաները անցնում են որպես պարտադիր առարկաներ։

Ծրագրի նպատակներն են.

  • Նպաստել բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ավագ դպրոցների 10րդ-12րդ դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
  • Բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաև ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:
  • Բարձրացնել նախազորակոչային տարիքի աշակերտների տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակը:
  • Կիրառել ՏՀՏ-ն՝ որպես կրթության որակի, մատչելիության և բովանդակության արդիականացման/բարելավման գործիք:
  • Օգտագործել տեխնոլոգիական կրթությունը՝ որպես մտածելակերպ ձևավորելու միջոց:
  • Հրավիրել երիտասարդների ուշադրությունը ՏՀՏ ոլորտին՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական զարգացման առանցքային տարրերից և գերակա ուղղություններից մեկը:
  • Պատրաստել աշակերտներին՝ հետագայում ԲՈՒՀ-երում տեխնիկական ուղղություններով ուսուցանելուն, իսկ տնտեսությունում՝ գիտելիքահեն ճյուղերում աշխատելուն։
  • Նպաստել ԲՈՒՀ-ական ծրագրերի զգալի արդիականացմանը՝ հաշվի առնելով ԲՈՒՀ ընդունվող ուսանողների ավելի բարձր մակարդակը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ-ը ապահովում է նշված մասնագիտական առարկաների ներդրումը, դրանց չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակումն ու հաստատումը։ Նաև 2021 թվականից նախատեսվում է նախարարության հետ համատեղ մրցութային կարգով իրականացնել դպրոցների ընտրությունը:

Վիվա-ՄՏՍ ընկերությունը մասնակցում էր «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին և իրականացնում է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը։ Առաջին տարում Վիվա-ՄՏՍ ընկերությունը նաև աջակցել է մասնակից հինգ դպրոցներում դասասենյակների ստեղծմանը:

Սինոփսիս Արմենիան մասնակցում է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին և իրականացնում է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:

Յունիքոմփը մասնակցում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, իրականացնում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Linux օպերացիոն համակարգի հիմունքներ» առարկաների ուսուցիչների վերապատրաստումը: Ընկերությունը նաև իրականացնում է լաբորատորիաների և ցանցերի ապահովումը:

ՏՀՏ գործատուների միությունն իրականացնում է ծրագրի մոնիթորինգը, վերահսկողությունը, կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստումը:

2015–2016 ուսումնական տարվա արդյունքներն են.

  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ծրագրով մասնակից 5 ավագ դպրոցներում վերապատրաստվել է 9 ուսուցիչ։
  • «Linux օպերացիոն համակարգի հիմունքներ» ուսումնական ծրագրով վերապատրաստվել Է 10 ուսուցիչ։
  • 227 աշակերտ հաջողությամբ ուսուցանվել է:

2015-2016 ուս. տարում ընդգրկված ուսումնական հաստատություններ.

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոց
  • Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց
  • «Քվանտ» վարժարան
  • «Ֆոտոն» վարժարան (Գյումրի)
  • Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց

2016–2017 ուսումնական տարվա արդյունքներն են.

  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ծրագրով մասնակից 10 ավագ դպրոցներում վերապատրաստվել է 20 ուսուցիչ։
  • «Linux օպերացիոն համակարգի հիմունքներ» ուսումնական ծրագրով վերապատրաստվել Է 20 ուսուցիչ։
  • 450 աշակերտ հաջողությամբ ուսուցանվել է:

2016-2017 ուս. տարում ընդգրկված ուսումնական հաստատություններ.

  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ ավագ դպրոց
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց
  • Թիվ 198 ավագ դպրոց
  • Թիվ 105 ավագ դպրոց