U E I C T

Silicon Mountains համաժողով

2019 թվականի դեկտեմբերի 4-5-ին Երևանում՝ Մատենադարանի նիստերի դահլիճում անցկացվեց ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains համաժողովը, որի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Ծրագրի մեկնարկ
04.12.19

Վայր
Երևան, Հայաստան

Կայք
www.silicon-mountains.org

Գլխավոր գործընկեր
Վիվա-ՄՏՍ

Գործընկեր
ԲՏԱ նախարարություն

Համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին  ներկայացրել և նրանց հետ քննարկել են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Նրա ելույթը նվիրված էր բազմատեսախցիկ տեխնոլոգիաներին: Ելույթի ընթացքում ճապոնացի գիտնականը պատմել է իր անցած ուղու, գրանցած հաջողությունների և ապագայի տեսլականի մասին:

Համաժողովի առաջին օրը կայացել են քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցում են բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security և NXP Semiconductors:

Cisco Systems ընկերության կիբերանվտանգության վաճառքների ղեկավար Բրեմտան Մուջեբը ներկայացել է՝ «Վստահության ձևավորումը կիբերանվտանգության միջոցով» ելույթով:

nCipher Security ընկերության Ավագ համակարգային ճարտարագետ Վոլկեր Սեմմելմաննը խոսել է՝ «Վստահության սկզբնաղբյուրը կապակցված աշխարհում» թեմայով:

Արհեստական բանականության տեխնոլոգիաների վերջին զարգացումների շուրջ ելույթ է ունեցել Մայքրոսոֆթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գլխամասի՝ Արհեստական բանականության ուղղության ղեկավար Դմիտրո Տուրչինը:

Cisco Systems-ի Տարածքային բիզնես ղեկավար Դմիտրի Կորեյբան էլ անդրադարձել է ՏՀՏ կրթության մարտահրավերներին և ապագային:

«NXP Semiconductors» ընկերության ավագ փոխնախագահ Կևորկ Քեչիջյանը խոսեց՝ «Անտանգ կապեր ավելի խելացի աշխարհի համար» թեմայով:

Համաժողովի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կայացան B2B հանդիպումներ՝ ուղղված տնտեսության մեջ ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը: