U E I C T

Silicon Mountains 2026-ի նախաշեմին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Silicon Mountains Summit & Expo 2026-ին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել։ Այս կապակցությամբ՝ միջոցառման կազմակերպիչներն ու գործընկերները ոչ ֆորմալ միջավայրում հանդիպում են ունեցել լրագրողների հետ՝ այս տարվա հիմնական թեմատիկ ուղղությունները, նոր ձևաչափը և խոսնակներին ներկայացնելու նպատակով։ Միջոցառումը կայանալու է նոյեմբերի 3–4-ին։ Հանդիպումը կազմակերպվել է գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ։

Հանդիպմանը ներկա էին կազմակերպիչների, գործընկերների և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Մեդիա հանդիպմանը մասնակցում էին ՏՀՏ գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Yandex Armenia-ի և Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանում PMI Science Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանը, EU4Innovation ազգային համակարգող Նժդեհ Հովանեսսիանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը և Սինոպսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Ներդրումներ նորարարության մեջ»

Այս տարվա միջոցառումն անցկացվում է «Invest in Innovation» («Ներդրումներ նորարարության մեջ») խորագրով։ Այս տարվա միջոցառումը կենտրոնանում է ՏՀՏ ոլորտի գործարար համագործակցության զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների ֆինանսավորման ու միջազգային ներդրումների ներգրավման հնարավորությունների վրա։

Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումը միայն ֆինանսական միջոցների մասին չէ։ Նրանց պնդմամբ՝ նույնքան կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ մարդկային ներուժը, ենթակառուցվածքները, նաև միջազգային համագործակցությունը։ Իսկ Silicon Mountains-ը հնարավորություն է տալիս համաշխարհային տեխնոլոգիական միտումները կապել Հայաստանի զարգացման հեռանկարների հետ։

Ինչ նորություններ կլինեն 2026-ին

Առաջին անգամ Silicon Mountains-ը կանցկացվի երկօրյա ձևաչափով և կներառի տեխնոլոգիական ցուցահանդես, որը ստարտափներին ու տեխնոլոգիական կրթություն իրականացնող հաստատություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց նախագծերն ու լուծումները: Սա նաև հնարավորություն է՝ նոր գործարար կապեր հաստատելու համար։

Նոյեմբերի 3–4-ին Dvin Music Hall-ում անցկացվող միջոցառման ծրագիրը ներառում է միջազգային հեղինակավոր խոսնակների մասնակցությամբ ելույթներ ու պրեզենտացիաներ, տեխնոլոգիական ցուցահանդեսը, ստարտափների ներկայացումներ, աշխատարաններ և գործարար հանդիպումներ, Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, ինչպես նաև Միկրոէլեկտրոնիկայի ֆորումը։ Այս տարվա նորություններից է նաև տեխնոլոգիայի, պետական կառավարման և դիվանագիտության ոլորտներում կանանց առաջնորդությանը նվիրված քննարկումը։

«Silicon Mountains 2026-ը այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հանդիպման վայրն է, որտեղ տեխնոլոգիաները վերածվելու են համագործակցությունների ամենատարբեր մակարդակներում՝ կառավարության, բիզնեսի, ստարտափների և կրթության միջև։ Այս երկօրյա գերհագեցած օրակարգը և միջազգային ամենաբարձր հեղինակություն վայելող խոսնակները ապացուցում են, որ Հայաստանն ունի այն ներուժը, որով ևս մեկ անգամ հաստատում է իր տեղը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա»,— ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains-ի մասին

Silicon Mountains-ը տեխնոլոգիական հարթակ է, որը ՏՀՏԳՄ-ն կազմակերպում է 2019 թվականից։ Այս տարիներին այն համախմբել է ավելի քան 100 խոսնակի և 10 000 մասնակցի։ 2026 թվականի միջոցառումը 11-րդն է և նպատակ ունի նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, միջազգային գործընկերությունների ընդլայնմանը և նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։

Ucom-ը գագաթնաժողովին որպես պլատինե գործընկեր աջակցում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։