Տեղեկատվան և հաղորդակցության տեխնոլոգիաներ գործատուների միություն (ՏՀՏԳՄ) 2019 թվականից անցկացնում է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը: Այն հանդիսանում է բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման ապագայի քննարկման առաջատար հարթակ, որի նպատակն է ապագային միտված համաշխարհային միտումների վերլուծությունը, զարգացման տեսլականի ձևավորումը, պետության և տնտեսության կոնսոլիդացիան բարձր տեխնոլոգիական զարգացման շուրջ։
ՏՀՏ գործատուների միությունը, ունենալով իր հստակ տեսլականը բարձր տեխնոլոգիական զարգացման համաշխարհային միտումների մասին և հստակ պատկերացնելով Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումների մեջ, նպաստում է Հայաստանի՝ որպես պետության և Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական զարգացմանը։ Ելնելով դրանից Silicon Mountains -ի համար ամեն տարի ընտրվում են առավել հեռանկարային ուղղությունները և համապատասխան անցկացման ձևաչափը։
Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը ամենամյա ամփոփիչ միջոցառումն է, որը անց է կացվում տարեվերջին։ Այն ուղղված է պետական և մասնավոր հատվածի ղեկավարներին, ներկայացնում է առաջիկա տարիների տեխնոլոգիական զարգացման առավել հետաքրքիր ուղղությունները և մարտահրավերները։ Այստեղ որպես խոսնակներ հանդես են գալիս միջազգային ամենահայտնի փորձագետները և տեխնոլոգիական ոլորտի ու տեխնոլոգիական ձեռներեցության համաշխարհային առաջամարտիկները։ Silicon Mountains Գագաթնաժողովին կից անցկացվում են B2B հանդիպումներ և բարձր տեխնոլոգիական լուծումների ցուցադրություն, որը էապես կընդլայնվի 2026 թվականին։
Silicon Mountains-ի ևս մեկ ֆորմատը մարզային ֆորումն է` միտված Հայաստանի մարզերի ակտիվ տեխնոլոգիական զարգացմանը, մարզային պոտենցիալի առավել արդյունավետ օգտագործմանը, մարզերում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացմանը։ Մարզային միջոցառումները անցկացվում են ամեն տարի, ՀՀ տարբեր մարզերում ամռան սկզբին։ 2026 թվականին Ֆորումը կանցկացվի Տավուշի մարզում։