U E I C T

STEP.ai առաջին շրջանավարտների ավարտական միջոցառում

 STEP.ai արհեստական բանականություն ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտներն ամփոփեցին իրենց եռամյա ուսուցման ճանապարհը՝ ներկայացնելով իրենց նախագծային աշխատանքները։
Երևանի հ. 112 ավագ դպրոցի և Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school-ի 12-րդ դասարանի աշակերտները ներկայացրին, թե ինչպես են ձեռք բերած գիտելիքները վերածել կիրառական լուծումների՝ զարգացնելով ալգորիթմիկ մտածողություն, տվյալների վերլուծության և խնդիրների լուծման հմտություններ։
Ծրագրի շրջանակներում աշակերտները ոչ միայն ծանոթացել են AI հիմունքներին, այլև ձևավորել տեխնոլոգիական մտածողություն և մասնագիտական կողմնորոշման նոր հնարավորություններ։ Շրջանավարտներից մի քանիսն արդեն որոշել են շարունակել կրթությունը ԱԲ ուղղությամբ 🤖
Ավարտական միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Armenian Virtual College – AGBU համագործակցության և գործառնական ղեկավար Արփինե Թավաքալյանը, ՏՀՏԳՄ բիզնեսի զարգացման գծով պատասխանատու Լուսինե Թանգյանը, Երևանի հ. 112 ավագ դպրոցի Օվսաննա Քարամյանը, Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian schoolի տնօրեն Սուսաննա Վարդանյանը, ԱԲ մասնագետներ Թեմուր Խուդոյանը և Գայանե Այդինյանը։
 Միջոցառմանը մասնակցում էին նաև ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, դպրոցների ուսուցիչներ և ծրագրի գործընկերներ։
Ծրագրի նպատակն է ավագ դպրոցականներին փոխանցել ԱԲ հիմնարար գիտելիքներ և զարգացնել կիրառական կարողություններ, նպաստել նրանց մասնագիտության գիտակցված ընտրությանը, ձևավորել ճկուն, տեխնոլոգիապես գրագետ անհատներ։ Աշակերտների շրջանում ԱԲ-ի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդլայնման և բարձր տեխնոլոգիաների տնտեսության կառուցման գործում։
STEP.ai արհեստական բանականություն» ուսումնական ծրագիրը մշակվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ դեռ 2019 թվականին։