U E I C T

ՏՀՏԳՄ նախաձեռնությամբ կայացած հանդիպումը ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության հետ

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության հետ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ։

Համաձայն ՏՀՏԳՄ և գործընկեր Միությունների միջև ձևավորված նոր ձևաչափով գործընկերային սկզբունքի, հանդիպմանը մասնակցում էին նաև Ամերիկայի առևտրի պալատի նախագահ պրն. Աշոտ Հովանեսյանը, ՀԱԳՄ փոխնախագահ պրն. Ներսես Կարամանուկյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ պրն. Արամ Սալաթյանը։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։

Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք ենթադրում են օրենսդրական փոփոխություններ և Ազգային Ժողով-Կառավարություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցություն։ Երկկողմ ցանկություն հայտնվեց համագործակցությունը դարձնել պարբերական և արդյունավետ։

Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Աշոտ Հովանեսյանը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեցին ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին վերաբերվող բիզնես համայնքի միասնական կարծիքը, մտահոգությունները և առաջարկները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները այդ հարցի շուրջ, ներգրավելով ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչներին։

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը մասնակիցների անունից առաջարկեց հնարավորինս արագ իրականացնել գիտահետազոտական գործունեության և տեխնոլոգիական կրթության ոլորտներում օրենսդրական փոփոխություններ` միտված այդ ուղղություններում մասնավոր հատվածի կողմից նպատակային ներդրումներ իրականացնելու խրախուսմանը։

Իր խոսքում նա նշեց․ «Կարևոր է ստեղծել տեխնոլոգիական կրթության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգ և բոլորի ջանքերը ուղղել այդ հայեցակարգի իրականացմանը, որպեսզի պետական և մասնավոր հատվածի ներդրումները չփոշիանան և ծառայեն նույն նպատակին՝ լրացնելով միմյանց։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան օրենսդրական դաշտ»։

Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Աշոտ Հովանեսյանը կարևորեց սփյուռքի օգտագործումը կրթության մեջ։ Պետությունը կարևոր դեր պետք է ստանձնի  արտասահմանյան հայտնի կրթական հաստատություններում աշխատող հայազգի պրոֆեսորներին ՀՀ կրթական հաստատություններում ներգրավելու գործում և ստեղծի նորարարական մեխանիզմներ։

Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես եկավ հեռահաղորդակցության ոլորտում անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների առաջարկով։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարևորեցին մարզային հավասարաչափ զարգացման դերը Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսների զարգացման ու որպես արդյունք Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում, առաջարկելով ավելի ակտիվացնել դրան միտված օրենսդրական փոփոխությունները։

ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին ներկայացրեց 2023 թ անցկացվելիք հերթական Silicon Mountains գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքի ընթացքը։

Որոշվել է նաև ակտիվորեն շարունակել նման ձևաչափով հանդիպումները՝ քննարկված և այլ հեռանկարային ուղղություններով հնարավորինս արագ դրական զարգացումներ ապահովելու նպատակով։